Դեռ վաղուց էին շատերը նկատել, որ հայ բոլշևիկների մեծ մասը աշխատում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Եվ այդ բոլշևիկ հորջորջվող հայերը նողկալի ազգուրաց գործիչների մի ամբողջ «փաղանգ» պարգևեցին հայ ժողովրդին. Գևորգ Աթարբեկով, Սարգիս Կասյան, Ավիս Նուրիջանյան, Արտաշես Կարինյան, Անաստաս Միկոյան, Խաչիկ Մուղդուսի (Խաչատուր Աստվածատուրով) և այլ պատուհասներ: Շատ ու շատ վիճելի և անընդունելի դրույթներ ու գաղափարներ կան «տեսական մարքսիզմի ծանր հրետանի» Ստեփան Շահումյանի, քիչ ավելի ուշ՝ Նաիրի Զարյանի, Հրաչյա Քոչարի մոտ, իսկ մինչև 60-70-ականները դեռ «ասպարեզում» էին Արտաշես Ոսկերչյանը և Արամայիս Կարապետյանը և հանուն կարիերայի բարոյականության բոլոր օրենքները ոտնահարող էլի մի քանի ուրիշ մանրապճեղ լենինյան-ստալինյաններ:
Չգիտես ինչու վրացի բոլշևիկ-կոմունիստը նախ վրացի էր (նույնիսկ Ստալինը), հետո նոր բոլշևիկ, իսկ ազերիների մասին խոսելն իսկ ավելորդ է: Հայ բոլշևիկները կարծես մրցման էին դուրս եկել` նրանցից ո՞վ կարող է ավելի ուժգին ու ցավոտ հարված հասցնել ազգային շահերին, այդ շահերը պաշտպանող գործիչներին։ Ազգային գաղափարախոսության մասին ասված ցանկացած խոսք գնահատվում էր որպես նացիոնալիզմի դրսևորում: Եվ ինչքան էլ բացարձակ արդարացիորեն մեղադրենք հոգեխախտ Մունդռիկ- Լենինին ու պարանոիկ Պախան Ստալինին, 1918-1923 թթ. կայացրած հակահայկական, անարդար, հակաիրավական որոշումների համար, ստիպված ենք ընդունելու այդ «վայ-հայ» բոլշևիկների խայտառակ դերակատարությունը:
Երկու ավազակապետությունների՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված Կարսի և Մոսկվայի պայմանագրերը չեն կարող դիտվել որպես միջազգային իրավական փաստաթղթեր։ Նույնն է, թե իրավական ուժ տալ Ռիբենտրոպ - Մոլոտով (Հիտլեր - Ստալին) խայտառակ փաստաթղթերին: Մենք պետք է լուրջ, միջազգային ճանաչում վայելող և խարիզմատիկ անձանց ներգրավենք այս շատ կարևոր գործում և անպայման հասնենք հաղթանակի:
Ամփոփենք: Անաստաս Իվանովիչ Միկոյանը հիրավի համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչ է: Նա 20-րդ դարի ամենաճանաչված հայն էր ամբողջ աշխարհում: Եվ շատ լավ է, որ նա ուներ բարձր հեղինակություն, և միջազգային հանրությունը նրան ճանաչում ու գնահատում էր որպես բանիմաց, հասկացող, լայնախոհ գործչի, որի հետ կարելի է բանակցել, կոմպրոմիսների գնալ, վիճելի հարցերին փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Եվ մենք, այդ ժամանակներում ձևավորվող և հասունացող սերունդը, չէինք կարող չհպարտանալ նրանով:
Նա հսկայական ծառայություններ է մատուցել ԽՍՀՄ-ի տնտեսական կայացման և զարգացման գործին: Ամեն կերպ աշխատելով հեռու մնալ ստալինյան մսաղացից, նա իր ուժերը կենտրոնացնում էր երկրի տնտեսական կյանքի կարգավորման կարևորագույն բնագավառների վրա ՝ արտաքին և ներքին առևտուր, մատակարարման գործ, առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ երկրի և ժողովրդի համար խիստ կարևոր սննդի ինդուստրիայի ստեղծում ու զարգացում:
Հետստալինյան տարիներին նա շատ կարևոր դեր խաղաց երկրի և հասարակության ապաստալինացման գործում, որոնց մասին արդեն գրել ենք:
Մոսկվայում նրա մտերիմ շրջապատը հայեր էին, նրա ամառանոցի կիրակնօրյա հավաքներին մշտապես մասնակցում էին եղբայրը` Արտեմը, կնոջ եղբայրը` պրոֆեսիոնալ հետախույզ, գեներալ Գայ Թումանյանը, կնոջ քրոջ ամուսինը՝ ականավոր գիտնական, տնտեսագետ, ակադեմիկոս Անուշավան Արզումանյանը (որի որդի Լևոն Արզումանյանը երկար տարիներ մեր ՀԽՍՀ պետպլանի հաշվողական կենտրոնի տնօրենն էր, և բոլոր աշխատակիցներս միշտ բարի խոսքով ենք հիշում նրան), երբեմն նաև մարշալ Բաղրամյանը:
Նա բավականին ջերմ ու փոխադարձ հարգանքով հարաբերությունների մեջ էր Մոսկվայի «չափավոր» ստեղծագործական մտավորականության հետ, աշխատում էր պաշտպանել լիբերալ-դեմոկրատական հայացքների տեր գրողներին, արվեստագետներին (թոշակի անցնելուց հետո նա մինչև 1974 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության, իսկ մինչև 1976 թ. ԽՄԿԿ ԿԿ անդամ էր): (Ժամանակին շատ մեծ աղմուկ էին հանել դիսիդենտ գրողներ Անդրեյ Սինյավսկու (Աբրահամ Տերց) և Յուլի Դանիելի (Նիկոլայ Արժակ) ձերբակալումը և դատավարությունը: Միկոյանը համաձայն չի եղել նրանց ազատազրկման դատապարտելուն և հաջողեցրել էր դրանում համոզել Լեոնիդ Իլյիչին, բայց իրենից հետո կաբինետ մտած Սուսլովը մտափոխ էր արել Լյոնյային, և Սինյավսկին ու Դանիելը խիստ պատիժ ստացան՝ 7 և 5 տարվա ազատազրկում):
Միկոյանը երբեք չի եղել հայ գործիչ և Հայաստանի հետ առանձնակի սերտ կապեր չի ունեցել: Նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր առաջադրվում Երևանից և չորս տարին մեկ գալիս էր ընտրողների հետ ձևական հանդիպման: Ես հիշում եմ 1960-1970-ական թվականները, երբ «խոհանոցային կաբինետներում» քննարկում էինք Ղարաբաղի հարցը և հույսեր կապում Անտոն Քոչինյանի հետ ու մտածում, որ մենք Կրեմլում ունենք հզոր աջակից, մտքներովս իսկ չանցկացնելով, որ այդ «հզոր աջակիցը» դեռ 1918-1923 թվականներին էր իր համար որոշել այդ հարցը:
Հայերիս համար բավականին դժվար է Անաստաս Իվանովիչ Միկոյան գործչին, նրա ամբողջ գործունեությանը ընդհանուր, ինտեգրալ գնահատական տալը: ՈՒղղակի չգիտես ինչ անուն կարելի է տալ 1918-1923 թթ. նրա գործունեությանը, արդարության, բանականության սահմաններից դուրս արտահայտած մտքերին, հակահայկական մոլեռանդ պահվածքին: (Ինձ ինչ-որ տեղ հասկանալի է ու բացատրելի նրա պահվածքը 1937 թ. Հայաստան գործուղված ժամանակ: Տարօրինակ ոչինչ չկար. այդպիսին էր բոլշևիկների ստեղծած երկիրը: Պետք էր գնդակահարման ենթակա 500- հոգանոց ցուցակին ավելացնել ևս 700 հոգի, ոչ մի խնդիր, բայց ավելի ճիշտ չի՞ լինի գումարել ևս 800 հոգի, դարձնել կլոր թիվ՝ 2000, մանավանդ որ հենց այդ էր ուզում ստալինյան «երկաթե ժողկոմ» Եժովը):
Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ